ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դառը եռատոն, հույսի մարաթոն… Երևան-Մոսկվա «տրանզիտ»

Դառը եռատոն, հույսի մարաթոն… Երևան-Մոսկվա «տրանզիտ»
10.05.2024 | 21:19

Այս խորհրդանշական օրը, երբ մեկս մյուսիս պետք է ջերմորեն շնորհավորեինք, միմյանց ժպտայինք ու ողջ երկրով մեկ բարձր տրամադրությամբ տոնակատարություններ անցկացնեինք, փոխարենն արձանագրում ենք, որ երբեմնի Եռատոնից «Ե»-ն է մնացել:

Եռատոնն էլ չկա, այն մեզանից գողացան:

Ի՞նչ տոն, ի՞նչ տոնախմբություն, ժպիտ, ուրախություն:

Հանրապետության հրապարակում շքերթի ու տոնախմբության փոխարեն, հասկանալի պատճառներով այլ բան ենք տեսնում:

Բազմահազար մտահոգ քաղաքացիներ փոփոխության ակնկալիքով սպասման մեջ են:

Բագրատ Սրբազանի կողմից հնչեցրած հրաժարականի պահանջը բնականաբար չբավարարվեց:

Վերջինս առաջ քաշեց վարչապետի իմպիչմենտի գաղափարը, ըստ որի առաջին քայլը լինելու է ԱԺ-ով անվստահություն հայտնելն ու պաշտոնանկություն անելը։

3 խմբակցությունների հետ քննարկվելու է այդ գործընթացի կազմակերպումը։

Զուգահեռ այսօրվանից մեկնարկելու են խաղաղ անհնազանդության գործողություններ։

Խաղաղ ակցիաների մասով, եթե փոքրիշատե ենթադրելի են կազմակերպչական ու անցկացման սցենարները, ապա իմպիչմենտի մասով պետք է հաշվի առնել, որ խորհրդարանական երկու խմբակցությունների կողմից գործընթացը սկսելու ու տրամաբանական ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է ևս 20 ձայն, որը պակասում է:

Եվ այստեղ է, որ առաջանում է հետևյալ ամենաբարդ հարցը.

արդյոք հնարավո՞ր է ՔՊ-ից կորզել 20 ձայն:

Կարծում եմ՝ ոչ, գրեթե անհավանական է:

Ավելին՝ դեռ հարց է, թե արդյոք 2 խմբակցությունների անխտիր բոլո՞ր պատգամավորները վայր կդնեն մանդատները:

Իսկ թե արդյոք Սրբազանն իմպիչմենտի «պռավալի» դեպքում ունի՞ այլ հաշվարկ, տարբերակներ ու գործիքակազմ՝ պարզ կլինի առաջիկա օրերին:

Քաղաքական տրամաբանության շրջանակներում այլ առաջարկ, համենայն դեպս, այսօր չի հնչեցվել:

Ըստ իս, նա այլ ալտերնատիվ տարբերակ չունի և միակ հույսը և գործիքը համաժողովրդական ընդվզումն ու ցասումն է:

Նոր լիդերի փնտրտուքը և դրա բացակայությունը ևս լուրջ խնդիր է:

Իհարկե ենթադրելի է, որ նա վարչապետի թեկնածու ունի, ում անունը շատ հավանական է, որ շուտով տրվի:

Ինչևէ, մինչ Երևանում նման զարգացումների ականատեսն ենք, Մոսկվայում Փաշինյանը ղեկավարում էր ԵԱՏՄ Բարձրագույն Խորհրդի նիստը, որտեղ ներկայացվեց Կառույցի տարեկան հաշվետվությունը և որի շրջանակներում խոսվեց հայ-ռուսական առևտրաշրջանառության աննախադեպ թվաճի մասին:

Տարածաշրջանային խնդիրները քննարկվել են փակ ռեժիմով, ուստի ամփոփիչ ելույթներ չեղան, հայտարարություններ չհնչեցին:

Միակ ձեռք բերված և լուսաբանված պայմանավորվածության համաձայն՝

Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս են գալու:

«Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների գործունեությունը ևս դադարեցվելու է:

Ժամեր անց պետք է նաև պարզվի, որ հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները շարունակելու են մնալ հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին։

Խոսք չի եղել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին:

Այս համատեքստում ենթադրելի է, որ Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ երկուստեք հստակեցվել ու հաստատվել , երաշխիքներ ու համաձայնություններ են տրվել և ստացվել հետևյալ առանցքային հարցերի ու դրույթների շուրջ.

* Հայաստանում ռուսական ռազմաբազայի, հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններին ռուսական ներկայությունն անքննելի է:

* ՀՀ իշխանությունների կողմից Հայաստանից ռուսական ռազմական ներկայության դուրսբերման հարց չի բարձրացվելու:

* Հայաստանը տարածաշրջանում չի իրականացնելու Ռուսաստանի շահերի դեմ ուղղված քայլեր և պետական մակարդակով չի գեներացնելու հակառուսական տրամադրություններ:

Ավելին՝ ներքաղաքական այսօրվա զարգացումների համատեքստում խիստ հավանական է, որ Փաշինյանն իշխանության պահպանման հարցում շարունակի ունենալ Ռուսաստանի առնվազն չեզոքությունը, եթե չասենք՝ աջակցությունը։

Դեռևս մնալու և ղեկավարելու թե՛ կոնսենսուս և թե՛ աջակցություն Փաշինյանն ունի նաև աշխարհաքաղաքական այլ կենտրոններից:

Հետևաբար, այս ամենը հաշվի առնելով, կարելի է հանգել այն եզրակացության, որ այս պահին Փաշինյանին հեռացնելու խնդիր չի դրվել:

Մասնավորապես ՌԴ-ին այս պահին ամենաշատը պետք չէ, որ Փաշինյանը հեռացվի իշխանությունից։

Արտաքին օժանդակությունը, «դաբրոներն» ու միջամտությունը կբացառվի միայն մեկ պարագայում:

Եթե երկրի ներսում համաժողովրդական լայն կոնսոլիդացիայի արդյունքում ձևավորվի այնպիսի համընդանուր ուլտիմատում-պահանջ, որը ստիպի աշխարհաքաղաքական կենտրոններին հաշվի նստելու ու առերեսվելու նոր իրողությունների ու աներկբա փոփոխության հետ:

Հետևաբար՝ գնդակը հայ ժողովրդի դաշտում է:

Իսկ Ժողովուրդը անկախ քաղաքական հայացքներից տասնյակ հազարներով դուրս է եկել փողոց և այդկերպ կամք ու կեցվածք դրսևորել:

Մնում է դա նյութականացնել, ինչն արդեն շարժման ղեկավարի ու քաղաքական ուժերի խնդիրն է։

Մնում է չփոշիացնել, չմսխել այն:

Սա ժողովրդի ընձեռած շանսն է:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1044

Մեկնաբանություններ